2018-ի Մետրոպոլիտեն թանգարանում նախատեսվում է բացել Հայաստանի մշակույթը ներկայացնող ցուցահանդես
ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն՝ մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ապրիլի 5-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպել է «Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց՝ ոլորտի հայ մասնագետների համար:
Դասընթացի մեկնարկն ազդարարող ասուլիսում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ այս դասընթացն առաջին հերթին թանգարանային գործում աշխարհի հետ համահավասար քայլելու հնարավորություն է: Անընդհատ փոփոխվող աշխարհում, նրա խոսքով, փորձի փոխանակման, նոր հարթակների ստեղծման, ցանցային նոր լուծումների կարիք կա, անհրաժեշտ է վերատեսության ենթարկել պատկերացումները թանգարանային գործի վերաբերյալ,
«Մենք պետք է աշխատենք նոր մտածողությամբ՝ որդեգրելով նոր տեխնոլոգիաներ, վիրտուալ հարթակներ, մեր աշխատանքում ներգրավելով ՏՏ ոլորտը: Թանգարանների կրթական և գիտական աշխատանքը պետք է համատեղել աշխարհում տեղի ունեցող նման գործընթացների հետ: Այս դասընթացը միտված է հենց դրան՝ ճիշտ մենեջմենթ, արվեստի ճիշտ կառավարում: Թիրախում բոլոր թանգարաններն են, մասնավորապես՝ մարզային»,-ասել է Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, դասընթացը կվարեն ԱՄՆ Մետրոպոլիտեն և Սմիթսոնյան թանգարանների, Բրիտանական թանգարանի, ինչպես նաև ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետները: Մասնակիցների թվում են Հայաստանի և Ջավախքի 25 թանգարնների աշխատակիցներ, անկախ կուրատորներ, «Իմ Հայաստան» ծրագրում ընդգրկված հինգ մարզային թանգարնների աշխատակիցներ:
«Այս միջոցառումն ինչ-որ առումով կապված է 2018-ի սեպտեմբերի 21 –ին Մետրոպոլիտեն թանգարանում նախատեսվող Հայաստանի մշակույթը ներկայացնող ցուցահանդեսի հետ»,-ասել է Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ 2008 թվականին Մետրոպոլիտենին նվիրած հայկական խաչքարի համար, որը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրությունում: