Անահիտ Բախշյանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելք»-ի ցուցակով
«Ելք» դաշինքը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանին առաջարկել է իր ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Վերջինս համաձայնել է։
«Ես երեկ հայտարարել էի, որ եթե Ազատ դեմոկրատները մասնակցեն Երևանի ավագանում ընտրություններին, ապա նրանց հետ կքննարկեմ իմ մասնակցության հարցը, եթե ոչ, ապա պատրաստ եմ քննարկել «Ելք»-ի հետ։ Էդմոն Մարուքյանն այդ հայտարարությունից հետո զանգահարեց ինձ, ասաց, որ դաշինքում քննարկել և ընդունել են իմ առաջարկը։ Ասաց, որ ես կլինեմ իրենց ցուցակի առաջին տասնյակում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Անահիտ Բախշյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչպես են Ազատ դեմոկրատներում վերաբերում իր այս քայլին, միայն հիշեցրեց, որ ինքն անկուսակցական է, և դա իրեն թւյլ է տալիս քաղաքական ուժերի մեջ ընտրություն կատարել։ Նա պարզաբանեց, որ «Ելք»-ի առաջարկն ընդունել է, քանի որ դաշինքի գաղափարներն իրեն շատ հարազատ են, ինքը վստահում է այդ ուժին։