Շվեդիայում բացում են «Անհաջողության թանգարան»
Շվեդիայի հարավում գտնվող Հելսինգբորգ քաղաքում պատրաստվում են բացել այսպես կոչված «Անհաջողության թանգարան» (Museum of Failure): Լենտա.ռու կայքը, հղում անելով The Local-ին, գրում է, որ թանգարանի բացումը նախատեսված է հունիսի 7-ին: Այնտեղ հավաքվելու են տարբեր ընկերություններից ապրանքներ, որոնք սպառողների շրջանում հետաքրքրության չեն արժանացել:
Թանգարանի ցուցանմուշներից մեկը լինելու է Twitter Peek գաջեթը: Այդ գործիքը ստեղծվել էր բացառապես Twitter միկրոբլոգում շփվելու համար, բայց չի կարողացել մրցել սմարթֆոնի հետ:
Ցուցանմուշների թվում է լինելու նաև գնդիկավոր գրիչը, որը, ինչպես պնդում է արտադրող BIС ընկերությունը, նախատեսված է հատուկ կանանց հարմարության համար: Այն պահանջված չի դարձել, շատ օգտատերեր ծաղրել են այն:
«Անհաջողության թանգարանում» ցուցադրվելու է նաև մոտոցիկլ արտադրող Harley Davidson ընկերության ստեղծած օծանելիքը, որը նույնպես ապառողների շրջանում հետաքրքրություն չի առաջացրել:
Նախագծի հեղինակ հոգեբան և հետազոտող Սամուել Ուեսթն ասել է, որ իր նպատակը ոչ թե ուրիշներին ծաղրելն է, այլ այնպես անել, որ մարդիկ սովորեն մյուսների սխալների վրա: