Այլ անձի փոխարեն քվեարկության դեպք ընդհանրապես առկա չէ. ԿԸՀ-ն պարզաբանում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 3.1-րդ մասի համաձայն` ընտրողների սկանավորված ցուցակները սահմանված ժամկետներում հրապարակվել են:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կայքի աշխատանքը, գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, առաջացնում էր ստորագրված ցուցակների ներբեռնման դժվարություններ, ցուցակները հրապարակվեցին նաև այլընտրանքային տարբերակով, և 04.04.2017թ. ժամը 18.00-18.30-ի սահմաններում ընդհանրապես որևէ խնդիր առկա չէր: Նշվածի կապակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածեց նաև հաղորդագրություն:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն: Ժամկտը լրանում էր 05.04.2017թ-ի ժամը 12-ին:
Այս պահի դրությամբ, երբ սահմանված ժամկետից անցել է ավելի քան 12 ժամ, այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել:
Ինչ վերաբերում է հանրապետությունից բացակայող քաղաքացի Շուշան Դավթյանի փոխարեն թիվ 1/07 ընտրական տեղամասում կատարված քվեարկության դեպքին, որը ներկայացվել էր Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կողմից, պարզաբաում ենք, որ Թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովին այդ մասին իրազեկել են հեռախոսազանգով երեկոյան ժամը 18-ի սահմաններում:
Ահազանգից անմիջապես հետո տեղի է ունեցել ուսումնասիրություն և պարզվել է՝
- քաղաքացի Դավթյան Շուշան Դավթի հանդիսանում է թիվ 1/07 տեղամասի ընտրող և ընդգրկված է ընտրողների ցուցակում թիվ 883 համարի տակ.
- նրա անվան դիմաց առկա է ստորագրություն.
- Տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքից պարզվում է, որ այդ տեղամասում 883-րդ համարում հաշվառված ընտրող Շուշան Դավթյանը տեխնիկական սարքավորմամբ չի գրանցվել.
- այդ տեղամասում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է թիվ 884-րդ համարում հաշվառված ընտրող Ալիտա Ավագյանը.
- ըստ տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալների ընտրող Ալիտա Ավագյանը գրանցվել է ժամը 16:11:42.
- տարածքային ընտրական հանձնաժողովը երեկ երեկոյան այցելել է Ալիտա Ավագյանի բնակարան: Քաղաքացին տանը չի եղել, սակայն ընտանիքի անդամները ներկայացրել են նրա երեխայի օրագիրը, որում ծնողի ստորագրություն մասում նշված է Ալիտա Ավագյանի ստորագրությունը, որը համընկնում է այն ստորագրության հետ, որ դրված է 883-րդ համարի ընտրողի դիմաց:
Նշվածից ակնհայտ է, որ այլ անձի փոխարեն քվեարկության դեպք ընդհանրապես առկա չէ, այլ ստորագրելիս տեղի է ունեցել շփոթմունք և թիվ 884-րդ համարում ընդգրկված ընտրող Ալիտա Սարգսյանը ընդամենը ստորագրել է 883-րդ համարում ընդգրկված ընտող Շուշան Դավթյանի անվան դիմաց»,-ասված է ԿԸՀ տարածած պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում