Ճանապարհների հարցը լուծելու համար շատ մեծ ներդրումներ են պետք. Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարզերի ճանապարհների անմխիթար վիճակին, նշեց, որ գնահատում են այդ ճանապարհների վիճակը և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետք է անեն կամ հիմնանորոգում, կամ միջին նորոգում, կամ ուղղակի փոսալցում:
«Այն մարզերը, որտեղ շատ վատ է վիճակը, ժամանակավոր լուծում կտանք, մինչև ֆինանսական աղբյուրները կլինեն»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե բյուջեից գումարներ չկա՞ն հատկացված ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման համար, Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ճանապարհների վիճակն այնպիսին է, որ բյուջեի հատկացումը միանգամից ամբողջ ճանապարհների հարցը չի լուծի: Ըստ նրա՝ ճանապարհների հարցը լուծելու համար շատ մեծ ներդրումներ են պետք:
Հարցին, թե ձմեռվանից հետո բոլոր երկրներո՞ւմ է ճանապարհներն այդպիսի վիճակում հայտնվում, թե՞ միայն Հայաստանում է, և արդյոք դա կապվա՞ծ է ասֆալտի որակի հետ, նախարարը պատասխանեց. «Դուք տեսնում եք, թե Հայաստանում ջերմաստիճասնային տատանումն ինչքան է, ամառվա +50-ից ձմռանը մինչև -30-40 հասնում է, ճանապարհներն այդ պայմաններում, իհարկե, շատ դժվար են սպասարկվում»:
Նա նաև նշեց, որ վերջին տարիներին հանրապետությունում կառուցված բոլոր ճանապարհները որակով են: «Ինչ վերաբերում է ատկատների մասին խոսակցություններին, մեզ մոտ դա չկա, եթե փաստ ունենաք, խնդրում եմ, ինձ էլ ասեք»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին