Վարդան Արամյանի լավ լուրն ու վարչապետի գնահատականը ՊԵԿ-ին
«3.2 տոկոս տնտեսական աճը մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքերով՝ միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ։
«Շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին, մենք մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են: Շուրջ 98 միլիոն դոլարի չափով առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարն ասաց, որ 98 միլիոն դոլարը որոշակիորեն ազդում է պարտքի և դիֆիցիտի ցուցանիշի վրա։ Մյուս կողմից, ըստ նրա, կարևոր է, որպեսզի կարողանան պարտքը միջնաժամկետում կայունացնել:
«Պարոն վարչապետ, այստեղ մենք ունենք լավ լուր, որը վերաբերում է առաջին եռամսյակում հարկահավաքման ցուցանիշին: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք շուրջ 11,5 մլրդ դրամով: Եթե մենք կարողանում ենք այդ վարքագիծը պահպանել, ապա շուրջ 50 մլրդ-ով կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և, միևնույն ժամանակ, այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին տնտեսական աճի ցուցանիշը շատ ավելի բարձր թիրախավորենք»,- ասաց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կարծում են՝ նույն տեմպերը կկարողանան պահպանել, քանի որ ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ իրականացնում են բարեփոխումները:
Վարդան Արամյանը վարչապետին խնդրեց բոլոր գերատեսչություններին հանձնարարել, որ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնեն բոլոր բյուջետային հայտերը, որովհետև կապիտալ ծախսեր անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք։
«Շատ լավ»,-արձագանքեց վարչապետը։
Այնուհետև Կարեն Կարապետյանը շարունակեց նախարարի խոսքը. «Առաջին եռամսյակում ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում ենք լավ, և դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններից հետո ենք ասում, որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առաջ դնում ենք բավականին ծանր խնդիր: Պլանը դնելու ժամանակ դրել էինք բավական բարձր, իսկ գերակատարելու ժամանակ պլանը փոխում ենք: Մենք ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրը: Մենք շատ լավ գիտակցում ենք` ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջին գնահատական տալուց բոլոր փոփոխությունները հաշվի ենք առնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան