Հայկական ոսկերչական արտադրանքը՝ ղազախական շուկայում
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ոսկերչական 4 ընկերություն և 2 անհատ ձեռնարկատեր ապրիլի 6-9-ը մասնակցում են «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին: Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրում են ոսկյա և արծաթյա զարդեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ:
«Հայկական ոսկերչական իրերը, որոնք առավել մոտ են եվրոպական ոճի արտադրանքին, նորույթ են ղազախական շուկայում։ Այս ցուցահանդեսի շնորհիվ հայ ոսկերիչները ղազախական սպառողների շրջանում ժամանակակից ոսկյա զարդերի նկատմամբ պահանջարկ ձևավորողի իրենց դիրքն են ամրապնդում։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևոր արդյունքներից է 2016-ին «Դե Լաուր» ընկերության կողմից Ալմաթի քաղաքում մշտական գործող ոսկերչական խանութ-սրահի բացումը։ Տարեցտարի նկատվում է հայկական ոսկերչական արտադրանքի արտահանման աճ դեպի Ղազախստան, ինչը հատկապես ավելի դյուրին է դարձել ԵԱՏՄ անդակակցության շնորհիվ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
«ԱՌՈՒ-Ալմաթի» 28-ին մասնակցում են «Ագոփյան Ջուելրզ», Երևանի Ոսկերչական Գործարան-1 «Գնոմոն», «Ջեյ Սի Էյ ոսկերչական ընկերություն», «Միտարիո Գոլդ» ընկերությունները և «Արտակ Բոջիկյան» ու «Մարգարյան Անահիտ» ԱՁ-երը։
«ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդին մասնակցում են նաև ընկերություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Չեխիայից, Ղրղզստանից, ԱՄԷ-ից: Նախորդ ցուցահանդեսին մասնակցել է մոտ 100 կազմակերպություն 8 երկրից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 13 հազարը։ Հայաստանը ներկայացել է 7 մասնակցով, կնքվել է 2 պայմանագիր, արտահանվել է շուրջ 29 մլն դրամի ոսկերչական արտադրանք և բնական քարեր։ Գործարար կապեր են հաստատվել 20 ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի միջև։ Ուսումնասիրվել են համագործակցության եզրեր առևտրային ցանցերի ներկայացուցիչների և դիստրիբյուտորների հետ։
«ԱՌՈՒ-Ալմաթի» մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ գարնանն ու աշնանը, Ղազախստանի երկու խոշոր քաղաքներում՝ Ալմաթիում և Աստանայում, երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ, և մեր արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: