Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կվերցնեին. Մանսուր Հաղիղաթփուր
«Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կվերցնեին»,-պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքին տված հարցազրույցում ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մանսուր Հաղիղաթփուրն արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ռազմական խորհրդականը:
Լրագրողի այն հարցին, թե արցախյան պատերազմի օրերին Իրանն Ադրբեջանին ի՞նչ օգնություն է ցուցաբերել, ԻՀՊԿ-ի նախկին բարձրաստիճան զինվորականը պատասխանել է. «Մենք ադրբեջանցիներին փրկեցինք, հակառակ դեպքում հայերը նույնիսկ Բաքուն էլ կվերցնեին: Ադրբեջանը մինչ օրս Իրանին 30 միլիոն դոլար զենքի գումար է պարտք, բայց Իրանը շատ մեծահոգի է, երբե՛ք այդ հարցը չի բարձրացրել: Եթե հիմա Թուրքիան լիներ, կամ փողն էր վերցրել, կամ էլ, հարցը շահարկելով, տասն անգամ ավել շահույթ էր ստացել»:
Շարունակելով խոսքը՝ Մասնուր Հաղիղաթփուրը հավելել է. «Ադրբեջանի պաշտոնյաներն անշնորհակալ են, եթե Իրանը իմ միջոցով Ռովշան Ջավադովին մի ինքնաթիռ զենք չտրամադրեր, ապա հայերը այլ տարածքներ ևս կվերցնեին: Մենք այդ օրերին Բաքվում 6500 զինվորականի էինք վարժեցնում, բաքվեցիները դա կվկայեն»:
Հիշեցնենք, որ Մանսուր Հաղիղաթփուրն իր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ արցախյան պատերազմի օրերին ադրբեջանցի զոհված հրամանատարներից մեկի՝ Ռովշան Ջավադովի, անմիջական ջանքերով Աֆղանստանից ավելի քան 2000 աֆղան գրոհայիններ (մոջահեդ) են տեղափոխվել Ադրբեջան և կռվել հայերի դեմ: