Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. BBC-ի անդրադարձը
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի քրիստոնեական անցյալին, ավանդություններին և մշակութային ժառանգությանը:
«3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ-ին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի շուրջ 95 տոկոսը քրիստոնյա է, և Հայաստանի հոգևոր պատմությունը հնարավոր է ներկայացնել նրա հնագույն հուշարձանների և տեսարժան վայրերի միջոցով»,-ծավալուն հոդվածում գրել է պարբերականը:
Ներկայացրել է հայերի քրիստոնեություն ընդունելու ավանդությունները, Գրիգոր Լուսավորչի մասին հիշատակումները՝ պատմական և կրոնական աշխատություններում, Տրդատ Մեծ արքայի կողմից քրիստոնեության ընդունումը և տարածումը ողջ երկրի տարածքում:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակույթի հեթանոսական անցյալին և բովանդակությանը, ու մասնավորապես՝ ներկայացվել են Գառնու տաճարը և Քարահունջի Զորաց քարերը:
«Գառնիից հյուսիս-արևելք գտնվում է Գեղարդի վանքը, որը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն, ավանդաբար, վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը»,-գրել է պարբերականը։