«Մեկամսյակ եմ նվիրել իմ սիրելի կանանց` տղամարդկանց դժգոհ հայացքի ներքո»
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Զրույց՝ հայերեն» խորագրով միջոցառումը, որի հյուրերը Հայաստանում հավատարմագրված կին դեսպաններն էին, դեսպանների կանայք և հայ կին գործիչները։
Միջոցառման շրջանակում հանդես եկավ երգչուհի Անուշիկ Հարությունյանը, Սիբիլը, «Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրեց «Անցյալի ապագա» ցուցադրությունը: Հյուրերը շրջայց կատարեցին ցուցասրահներով:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով, հայ մշակույթը հաղորդակցվելու լավագույն միջոցն է, իսկ այս թանգարանն այն միջավայրն է, որը թույլ է տալիս առավելագույս հաղորդակցվել, փոխանակվել մշակութային արժեքներով:
Ապրիլի 7-ը տոնը հռչակելու ակունքներում կանգնած է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ժամանակին լինելով ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ, ապրիլը 7-ը հռչակել են մայրության և գեղեցկության օր և ներառվել ազգային տոնացույցում:
«Մեկամսյակ եմ նվիրել իմ սիրելի կանանց տղամարդկանց դժգոհ հայացքի ներքո: Բայց հիմա տղամարդիկ շատ լավ են ընդունում այս մեկամսյակը ու շատ ձեռնարկներ են կազմակերպում մեկամսյակի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը:
Նրա խոսքով, հայ կինն արժանի է, որ տարվա բոլոր օրերն էլ տոնական լինի իր համար. «Հայ կինն ընտանիքի սյունն է, նրա վրա է հիմնականում երեխաների կրթության, դաստիարակության հարցերը, հայ կինն այսօր տղամարդուն հավասար քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, առողջապահական ոլորտում է: Համալսարաններում սովորողների 60 տոկոսը աղջիկներ են, հիմնականում լավագույն սովորողներն են: Չկա ոլորտ, որտեղ հայ կինն իրեն արդարացրած չլինի:
Ընդհանրապես, կինն իր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, կարծում եմ, բոլորովին չի զիջում հայ տղամարդուն: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, հայ տղամարդը հատկապես ընտանիքում պետք է ունենա իր տեղը, դերը: Հայ կանայք պետք է միշտ մտածեն հայ տղամարդուն մեծարելու, բարձրացնելու մասին, մենք դրանով նաև սերունդ ենք դաստիարակում, հոր օրինակը կարևոր է երիտասարդության համար:
Պատահական չէ, որ մեծերից մեկն ասել է, որ հասարակության թիվ մեկ դաստիարակը կինն է, հետևաբար հասարակության կրթական, դաստիարակության մակարդակը շատ բանով պայմանավորված է կնոջից: Հայ կինը միշտ էլ ուզում է, որ իր երեխաները լինեն կիրթ, դաստիարակված, մրցունակ, համալսարան ավարտած»:
Միջոջացմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ հայ կանանց համար ամեն օր պետք է տոն լինի և այդպես էլ կա:
«Հուսամ, նաև վստահ եմ, որ Հայաստանում այնպիսի մշակութային տարի կստեղծենք այս տարի, որ ամեն օր իսկապես տոնի կվերածենք կանանց, աղջիկների երեխաների համար: Ուզում եմ խոստանալ, որ այդ մշակութային տարին լինելու է կանացի գեղեցկությամբ, շնչով, բուրմունքով լցված»,- նշեց նախարարը: