
Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան. Գարեգին Բ
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին և մի խումբ ընթերցողների` ուղեկցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյանի և օրաթերթի գլխավոր խմբագրության անդամ Ֆեդերիկ Մունյեի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել, որ Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան, իբրև առաջին քրիստոնյա երկիր, հաղորդակից դառնում նրա քրիստոնեական մշակույթին և հոգևոր-ազգային արժեքներին: Հայոց Հայրապետը կարևորել է նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են միջեկեղեցական կապերի առավել ամրապնդմանը, տարբեր ժողովուրդների փոխճանաչողությանը:
Զրույցի ընթացքում տիար Ֆեդերիկ Մունյեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է օրաթերթի գործունեությունը` ընդգծելով, որ օրաթերթի աշխատակազմն ամեն ջանք ի գործ է դնում` տարբեր ժողովուրդների միջև խթանելու երկխոսություն և ձևավորելու փոխադարձ հարգանքի, հադուրժողականության ու վստահության մթնոլորտ: