Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը:
Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ դատարանը գործի շրջանակներում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին:
Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին: Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին:
Նշվում է, որ Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում