Մենք նոր էջ ենք բացում հայ-չինական հարաբերությունների մատյանում. Էդվարդ Նալբանդյան
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին մասնակցել է ընդունելության` նվիրված Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, միջոցառմանը տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հոբելյանական փոստային ծրարների մարում:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:
Հարաբերությունների 25-ամյա հոբելյանին նվիրված իր ելույթում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս նշանակալի իրադարձությունը նշվում է մի շարք հանդիսավոր միջոցառումներով, որոնք ինչպես այսօր, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են մեր երկու երկրներում` արտացոլելով հայ-չինական քառորդդարյա ամուր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:
Անշուշտ, մեր երկու ժողովուրդների միջև կապերը շատ ավելի հին են և անցած քառորդ դարը ընդամենը մի ակնթարթ է մեր փոխադարձ բազմաբնույթ առնչությունների հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը դեռևս հնուց ակնածանքով է վերաբերվել, ինչպես մեր պատմահայր Խորենացին է ավանդել` Չինաստանի խաղաղասեր ու կենսասեր ժողովրդին և քաղաքակրթությանը:
Ահա այսպիսի կուռ հիմքերի վրա են խարսխված մեր միջպետական հարաբերությունները, որոնց մեկնարկը տրվեց 1992 թվականի ապրիլի 6-ին: Ինչպես ասում է չինական ասացվածքը` հազար կիլոմետրանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կապերին կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ մենք հաստատակամորեն առաջ ենք ընթանում համագործակցության այս ճանապարհով` այն շարունակաբար հարստացնելով արժանահիշատակ բազում իրադարձություններով:
Հաջողությամբ է ծավալվում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցություն է ձևավորվել միջազգային հարթակներում, ստեղծվել է լայն իրավապայմանագրային դաշտ, աճում է տնտեսական համագործակցությունը, զարգանում են միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, գիտակրթական կապերը:
Անշուշտ, այս բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած են Հայաստանի և Չինաստանի ղեկավարների պայմանավորվածություններն` ուղղված մեր բազմաբովանդակ ու բազմաշերտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, և նրանց կողմից նախանշված ուղղություններով գործադրվող շարունակական ջանքերն ու համատեղ արդյունավետ աշխատանքը: Այս առումով ես կցանկանայի հատկապես ընդգծել 2015թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կայացած պետական այցը և Նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումը:
Տիկնայք և պարոնայք,
Հայ-չինական բարեկամության հարատևությունն ապացույցների կարիք չունի: Այսօր, ամփոփելով անցած քառորդդարյա նշանակալի ճանապարհը, մենք նոր էջ ենք բացում միջպետական հարաբերությունների մատյանում, որտեղ, վստահ եմ, համատեղ ջանքերով գրանցելու ենք նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին