Լատվիայում հիշել են Սուրբ Գրիգոր Նարեկացուն
Ապրիլի 4-ից 6-ը հայ-լատվիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից Ռիգայում կազմակերպվել է Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մշակույթի օրերի շրջանակներում տեղի է ունեցել Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը:
Լատվիայում ՀՀ դեսպանության, Լատվիայի համալսարանի գրադարանի և «Յումավա» հրատարակչության կազմակերպած «Մատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին ներկա էին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, գրքի թարգմանիչ Վալդա Սալմինան, հայ և լատվիացի գիտնականներ, հասարակական գործիչներ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ Գրիգոր Նարեկացին հավատում էր՝ «Մատյան ողբերգության»-ը լինելու է համամարդկային ստեղծագործություն, գիրքն ունենալու է ընդհանրական լսարան և հույս ուներ, որ այն թարգմանվելու և ընդունվելու է տարբեր ժողովուրդների կողմից տարբեր դարաշրջաններում:
Բալթյան երկրներում հայկական մշակութային արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրվել են թարգմանիչ, հայագետ Վալդա Սալմինան, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը:
Դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունն Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում, և լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն կարդալ իրական գրական գլուխգործոցը:
Նույն օրը հայկական մշակույթի օրերի շրջանակներում Ռիգայի համալսարանի գրադարանի սրահում բացվել է «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարչական ցուցահանդեսը, որը գործելու է մինչև ապրիլի 16-ը: Ներկայացվել են հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ լուսանկարներ:
Խոսելով ցուցահանդեսի մասին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշել է, որ աշխատանքները հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության բացառիկ օրինակներ են, որոնք արտահայտում են նաև ճարտարապետություն-պոեզիա-լուսանկարչություն եռամիասնության փիլիսոփայությունը:
Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն հանդիպում է ունեցել Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք ոլորտներ, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի, գրականության և երաժշտարվեստի ոլորտներում:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր հերթին հանդիպում ունեցավ Լատվիայի ազգային լրատվական գործակալության՝ «Լետա»-ի տնօրենների խորհրդի անդամ Յուրիս Մենզինչի հետ, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
Լատվիայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում Լատվիայի համալսարանում ապրիլի 5-6-ը տեղի է ունեցել «Ռիգայում Սուրբ Գրիգոր Նարեկացու ընթերցումներ. Սուրբ Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դիտարկել Գրիգոր Նարեկացու կյանքը և գործունեությունը, քննարկել «Մատյան ողբերգության» գիրքը համեմատական վերլուծության մեջ։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկս Մուժնիեկսը:
Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել նշանավոր նարեկագետներ, հայագետներ՝ Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Թեո վան Լինտը /Մեծ Բրիտանիա/, Յուոկո Մարտիկայնեն /Ֆինլանդիա/, Վալդա Սալմինան /Լատվիա/, Մատենդարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը, Աբրահամ Տերյանը /ԱՄՆ/, Հայկ Ուտիճյանը /Չեխիա/, այլ գիտնականներ Լատվիայից: