Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան՝ աշխարհի առաջնության ութ ուժեղագույնների թվում
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նախօրեին պայքարն ավարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից): ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտել էր պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը:
Էմմա Պողոսովան յուրաքանչյուր փուլում մեկը մյուսի հետևից պայքարից դուրս է թողել ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին՝ մտել ութ ուժեղագույնների մեջ և միայն այստեղ պարտվել ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին: Էմման, ի վերջո, գրավել է 5-րդ տեղը:
Էմմա Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում: