«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
«Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր:
Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/»,- հայտնում ենՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Նշվում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավ տանող ճանապարհը դժվարամատչելի է, ինչպես նաև այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական և հնագիտական գոյացությունները, վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները: Ի դեպ` գարնան ձնհալից հետո հուշարձանի տարածքում նաև քարաթափումներ են լինում, ինչը ևս վտանգավոր կարող է լինել զբոսաշրջիկների համար:
«Հորդորում ու կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել սուր զգացողություններին, առաջնորդվել բանականությամբ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ»»,- նշված է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից: