Վարուժան Հակոբյանն ու Ուեսլի Սոն ԱՄՆ-ի առաջնության առաջատարներն են
Երեկ տեղի ունեցած ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում մրցաշարի առաջատարները մրցում էին միմյանց դեմ. Ուեսլի Սոն` Հիկարու Նակամուրայի, իսկ Վարուժան Հակոբյանը` Յարոսլավ Ժերեբուխի:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Ուեսլի Սո – Հիկարու Նամամուրա պարտիան կարճատև պայքարից հետո ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ ահա Վարուժան Հակոբյանը գեղեցիկ ոճով հաղթանակ է տոնել Յարոսլավ Ժերեբուխի նկատմամբ: 8-րդ տուրում հաղթանակներ տոնել են նաև Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Օնիշչուկը և Ջեֆֆրի Սյունը:
Վարուժան Հակոբյանն ու Ուեսլի Սոն վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Օնիշչուկը և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:
Կանանց առաջնության 8-րդ տուրում Տաթև Աբրահամյանը ոչ-ոքի է խաղել Յու Ջեննիֆերի հետ: Կանանց մրցաշարում նույնպես երկիշխանություն է. Նազի Պայկիձեն և Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Տաթև Աբրահամյանը 4 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: