Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» «խոսում» է 300 լեզվով
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքն աշխարհում ամենաթարգմանվածն է Աստվածաշնչից ու Ղուրանից հետո: Ռիա նովոստին, հղում անելով Francetvinfo-ին գրում է, որ այն թարգմանվել է 300 լեզվով:
Նոր լեզուն, որով «խոսել» է իշխանը, արաբերեն «հասսանիյա» բարբառն է, որը տարածված է Մավրիտանիայում և Արևմտյան Սահարայում, և, ի տարբերություն շատ բարբառների, ունի պետական լեզվի կարգավիճակ:
«Այդ լեզուն, որը քիչ է հայտնի հանրությանը, նշանակալի է Անտուան դը Սենտ- էքզյուպերիի համար: Մարոկկոյի հարավում, որտեղ խոսում են «հասսանիայով», հանրահայտ հեքիաթի հեղինակը ներշնչանքի աղբյուր էր գտել»,- գրում է պորտալը:
Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին 1921 թ. ծառայել է Մարոկկոյում, որտեղ 1927 թ. վերադարձել է աշխատելու: Այնտեղ՝ Տարֆայա քաղաքում, նա սկսել է գրել իր առաջին գիրքը:
«Փոքրիկ իշխան» վեպը լույս է տեսել 1943 թվականին: Արդեն վաճառվել է վեպի 200 միլիոն օրինակ: