Փոխնախարար. Ուշ ծաղկմամբ պայմանավորված ծիրանենու ցրտահարության վտանգը քիչ է
Ծիրանենիներն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտ 20-25 օր ուշ են ծաղկել: Պատճառը ձմռան ձգձգումն էր: Գյուղատնտեսները գնահատում են, ոչ թե ուշ են ծաղկել, այլ ճիշտ ժամանակին:
«Բնականոն գարուն է գալիս: Անցած տարի շուտ բացվեցին, բացասական հետևանքներ եղան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով, ուշ ծաղկմամբ պայմանավորված ցրտահարության վտանգն էլ որոշակիորեն նվազել է:
«Անցած տարի մարտի 10-ից սկսած ծիրանենին ինտենսիվ ծաղկել էին: Հիշում եք, որ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում դիտվեց ցրտահարություն: Այս տարի հանրապետությունում ծիրանենին ծաղկել է Իջևանում ու Սյունիքում, հիմա բուռն ծաղկման շրջան է Արարարտյան դաշտավայրում՝ հատկապես Սուրենավանից Մասիս ընկած բնակավայրերում»,-ասաց փոխնախարարը:
Հարությունյանի խոսքով, եթե եղանակը կտրուկ չփոփոխվի, ապա ցրտահարության վտանգ չկա:
«Այս պահի դրությամբ իմ ձեռքի տակ են երեկվա կանխատեսումները: Կարծում եմ, այդ իջեցումը վտանգ չի ներկայացնում»,-ասաց Ա. Հարությունյանը:
Շատ կարևոր է, թե ծաղկումն ինչ փուլում է: Մասնագետի խոսքով, օրինակ ծաղկած ժամանակ վտանգավոր է -2 աստիճանը:
«Բայց անցած տարի ունեցանք, -4- -5 աստիճան ցուրտ, եղան բնակավայրեր, որ ծիրանենիները բերք տվեցին: Այսօր դեռ ամբողջությամբ ծաղկած չեն: Հույս ունենք, որ չի լինի այնքան բացասական աստիճան, որ ազդի բերքի վրա»,-ասաց նա: