Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է
Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Այս մասին նշված է «Զբոսաշրջության և ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում, որը պատրաստվել և հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը անվտանգության պայմաններով զբաղեցնում է 34-րդ տեղը, առողջապահության և հիգիենայի մակարդակով՝ 48-րդ տեղը, մարդկային ռեսուրսների և աշխատուժի մասով՝ 45-րդ տեղը, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ենթակառուցվածքների մասով՝ 71-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշները վատ են միջազգային թափանցիկության առումով՝ 95-րդ տեղը, գների մատչելիության մասով՝ 80-րդ տեղը, էկոլոգիական կայունությամբ՝ 102-րդ տեղը, ավիացիոն ենթակառուցվածքների մատչելիությամբ՝ 88-րդ տեղը, մշակութային ռեսուրսների և գործարար այցերի մասով՝ 99-րդ տեղը և բնական պաշարների հարստությամբ՝ 89-րդ տեղը:
Այս ցուցանիշներից յուրաքանչյուրն ունի մի շարք այլ բաղադրիչներ, որոնցով պայմանավորված ձևավորվում է վերջնական գնահատականը: Նշենք, որ մրցունակությամբ Հայաստանին գերազանցում են Վրաստանը և Ադրբեջանը, որոնք աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար՝ 70 և 71-րդ տեղերը: Այս ցուցանիշով առավել մրցունակ են Ռուսաստանը և Թուրքիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար՝ 43 և 44-րդ հորիզոնականները: