Գորիսը հռչակվել է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամաբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։
ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։
Արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։
ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:
Արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։
Նիստի մասնակիցները քննարկել են և հավանության արժանացրել 16 փաստաթղթերի նախագծեր:
Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։