Ավստրալիան զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղացիներին
Ավստրալիան ապրիլի 25-ին «Անզակի հիշատակման օրվա» կապակցությամբ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ Գալիպոլիում իրականացվելիք միջոցառման ընթացքում ահաբեկչական հարձակում է սպասվում։
Ավստրալացի նախարարը մասնավորապես ասել է. «Ավստրալիայի կառավարությունը տեղեկություն է ստացել առ այն, որ ապրիլի 25-ին Գալիպոլիում իրականացվելիք միջոցառումը հնարավոր է ահաբեկիչների թիրախը դառնա»։
Ավստրալիայի իշխանությունները, զգուշության կոչ անելով իրենց քաղաքացիներին, հորդորել են նրանց վերանայել այդ օրերին Ստամբուլ կամ Անկարա գնալու իրենց մտադրությունը, իսկ մեկնելու դեպքում՝ լինել շատ զգոն։
Ավստրալիան ամեն տարի` ապրիլի 25-ին, նշում է ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումները Առաջին աշխարհամարտի ժամանակ, որոնք Գալիպոլիում կռվել են օսմանյան ուժերի դեմ և պարտվել) օրը` հիշատակելով այն զինվորներին, որոնք իրենց կյանքը կորցրել են Գալիպոլիում` դաշնակիցների վայրէջքի օրը: Թուրքիայում նույնպես այդ օրը անցկացվում է հիշատակման միջոցառում։