«Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում տեսագրություն է տեղադրել, որով հայտնել է, որ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվելու է Երևանի քաղաքապետի պաշտոնում։
«Մոտ մեկ ամսից տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի ընտրություններ, և պատիվ ունեմ տեղեկացնել, որ այդ ընտրություններում գլխավորելու եմ «Ելք» դաշինքի ցուցակը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածու եմ առաջադրվելու։ Մեր թիմով այս ընտրություններին մասնակցում ենք միայն մեկ նպատակով՝ հաղթելու և ստանձնելու Երևան քաղաքի քաղաքային իշխանությունը։
Ես ուզում եմ անկեղծ ասել, որ այս որոշումը հեշտությամբ չի տրվել, որովհետև ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանի Կենտրոն-Էրեբունի-Նուբարաշեն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընտրողներն ինձ ընտրել են ԱԺ պատգամավոր։
Հարց կար՝ ինչպե՞ս կընկալեն նրանք իմ այս առաջադրումը։ Բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք արձանագրեցինք, որ մեր թիմի օգտին, նաև իմ օգտին մարդիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք բերել փոփոխություններ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին օգնենք գտնել ելքը հուսահատության փոսից։
Եվ ուրեմն, սիրելի հայրենակիցներ, մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում ես առաջադրվում եմ որպես քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի թիմն առաջադրվում է որպես ավագանու թեկնածու։ Մենք էլի գալու ենք մեր քարոզարշավի ընթացքում ձեր վստահության քվեն ենք ակնկալելու։ Հիմա էլ ձեզ ասում ենք, որ Հայաստանը համակած հուսահատության փոսից ելք կա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին