Վարչապետը պետական ձեռնարկությունների հետագա գործունեության կոնկրետ առաջարկներ է պահանջել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպությունների ըստ ակտիվների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունը՝ 752 միլիարդ 225 միլիոն 558 հազար դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ 947 մլն 800 հազար դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ:
«Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ: Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը:Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն: Վերլուծությամբ պետք է հասկանանք, թե 194 ձեռնարկությունից որն ենք սեփականաշնորհում, քանի տնօրենի ենք ժամանակ տալիս: Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաև հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն և առաջարկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին