Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազություն
Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված ապրիլի 4-ի հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:
Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու
նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:
Նշված գործերով 6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ ապրիլի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 804 հաղորդումներից 07.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 484-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը
- Ժամը 9-ի դրությամբ ոստիկանությունում գրանցված ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՀՔԾ նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
- ժամը 17-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում
- Ընտրությունների օրվա և հետընտրական ժամանակահատվածի ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՔԿ. Հարուցվել է 6 քրեական գործ՝ ընտրախախտումների վերաբերյալ
- Դատախազությունը և ոստիկանությունը՝ ընտրական իրավախախտումների և ենթադրյալ ընտրախախտումների մասին