Փառատոն՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը
«Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամ»-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը, փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Նրա խոսքերով՝ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:
«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է»,- ասաց Արա Խզմալյանը:
Ըստ նրա՝ վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես:
«Այժմ մենք ներկայացնելու ենք Հայաստանի ամենամեծ արտադրանքը՝ կոնյակը, որի օգնությամբ զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրենք Հայաստանի վրա»,- ընդգծեց նա:
Նշվեց նաև՝ ամեն ինչ անելու են, որ փառատոնն անցնի բարձր մակարդակով և ընդլայնվի հետաքրքվողների շրջանակը:
«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին:
«Մենք սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների՝ հատկապես Ռուսաստանից, քանի որ ՌԴ քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Իսկ թե ինչու են փառատոնի անցկացման վայր ընտրել Ծաղկաձորը, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահն ասաց, որ այստեղ կան մեծ թվով հյուրանոցներ, Ծաղկաձորը ռուսների կողմից ճանաչված է՝ որպես ձմեռային զբոսաշրջության կենտրոն:
Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ փառատոնի համար պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին: Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ:
Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա: