«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հատնում են, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։
Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։
Փարիզում ցուցադրությունը կազմակերպվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աջակցությամբ։ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը տեղեկացնում է, որ Փարիզում ներկայացնելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի նաև Լիոն, Մարսել։
Ի դեպ, 2016-ի փետրվարին «Եղեռն՝ եղեռնից հետո»-ն ցուցադրվել է Եվրախորհրդարանում։ Այն 32 պաստառների միջոցով պատմում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների, եկեղեցիների վիճակը Ցեղասպանությունից առաջ և հետո` հանրությանը տեղեկացնելով մշակութային եղեռնի մասին, որն իրականացվել է թուրք ոճրագործների կողմից։
Աղբյուրը նշում է, որ շրջիկ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում։ «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագիրն արժանացել է «Հայկյան-2015» հատուկ մրցանակի։