«Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Հայտարարության մեջ ասված է. «Հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը:
Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա:
«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, և հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով և առաջարկությունների փաթեթով: Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր:
Մենք, իհարկե, գիտենք մեր քաղաքի բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ:
Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր: Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար:
Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության:
Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու:
Վստահ եմ, որ երևանցիները ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:
Անկախ մեր կայացրած որոշումից, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել և ձեր կողքին եմ լինելու:
Հարգանքով՝ Գագիկ Ծառուկյան»:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Կուսակացությունները լռություն են պահպանում, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մոտենում
- Հայկական վերածնունդ կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
- Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան