Մատենադարանի կարգավիճակը փոխվելու է
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո (2016 թ. սեպտեմբերի 3) դեռևս Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել: Դեռևս հայտնի չէ՝ մրցույթ լինելու է, թե ոչ, քանի որ հիմա ընթանում է Մատենադարանի կարգավիճակի փոփոխման գործընթաց՝ ՊՈԱԿ-ից դառնալու է հիմնադրամ:
Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ հիմա ընթանում է Մատենադարանի կարգավիճակը փոխելու գործընթացը, պետք է դառնա հիմնադրամ, այսինքն դուրս է գալու կրթության և գիտության նախարարության ենթակայության տակից, ենթարկվելու է անմիջապես հիմնադրին, այսինքն՝ կառավարությանը:
«Կառավարությունը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ: Որոշումը կլինի երևի նոր կառավարության ձևավորումից հետո: Հիմնադրամ դառնալու դեպքում լրիվ փոխվում է Մատենադարանի կառավարման ֆորմատը, ստեղծում է հոգաբարձուների խորհուրդ, որը պետք է ընտրի կառավարիչ կամ տնօրեն կամ գործադիր տնօրեն: Պետք է Մատենադարանի կանոնադրությունը հարմարեցվի հիմնադրամների ընդհանուր տիպային կանոնադրությանը, ընտրվի խորհուրդ, այնուհետև կառավարությունը նիստ անի ու որոշում կայացնի:
Առաջին անգամ սովորաբար կառավարությունն իրավունք ունի նշանակելու տնօրենին կամ կառավարչին: Ամեն վեց ամիսը մեկ, ըստ հիմնադրամների կանոնադրության, կառավարիչը կամ տնօրենը պետք է հաշվետու լինի հոգաբարձուների խորհրդին: Եթե ամեն ինչ նորմալ լինի, խորհուրդը կարող է պաշտոնավարման ժամկետը երկարացնել, եթե ոչ՝ կարող է փոխել: Դա ավելի ճկուն համակարգ է: Այսինքն տնօրենը պետք է հաշվետու լինի հոգաբարձուների խորհրդին»,- մանրամասնեց նա:
Պատասխանելով հարցին, թե ձեր կարծիքով ճի՞շտ է կառավարման ֆորմատի փոխումը, Գ. Գապարյանն ասաց. «Հիմա այդ գործընթացը կա, մի շարք պետական հիմնարկներ հիմնադրամ են դարձել: Դա կառավարման նոր ձև է, որն ավելի ճկուն է, ավելի շատ հնարավորություններ է ընձեռում հաստատություններին ինքնուրույն լինելու, իրենց միջոցները տնօրինելու: Դա չի նշանակում, որ ազգային արժեքները կարող են դառնալ հիմնարկի սեփականությունը, քանի որ դրանք պատկանում են պետությանը: Զուտ ներքին կառավարման մեխանիզմներն ավելի ինքնուրույն են դառնում: Այդ առումով դրական եմ համարում կառավարման նոր ձևը, քանի որ ՊՈԱԿ-ները շատ ավելի ենթակայության տակ էին, շատ հարցերում սահմանափակ իրավունքներ ունեին: Օրինակ, Համալսարանը հիմնադրամ է դարձել, երևի մյուս ակադեմիական ինստիտուտներն էլ ժամանակի ընթացքում դառնան հիմնադրամներ: Հիմնադրամ բառն այդքան սարսափելի չէ, կառավարման ձև է: Սա աշխատողի պատասխանատվությունն ավելի մեծացնում է: Ինչքան պատասխանատվությունը մեծ, այնքան աշխատանքն ավելի արդյունավետ է լինում»:
Հիմա Մատենադարանի տնօրենի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա կմնա այդ պաշտոնում մինչև կառավարության որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
- Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
- Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան