Գործադիրի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը՝ գնաճի պատճառ. Բաբկեն Պիպոյան
«Տարբեր ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված գնաճից հետո ուսումնասիրելով միջազգային շուկայում գների փոփոխությունները՝ պարզվել է մեկ բան, որ, ըստ էության իրական պատճառ գնաճի համար չունենք»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված գնաճին:
Նրա խոսքերով՝ սա բացառապես հակամրցակցային մարմնի և գործադիր իշխանության ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն է:
«Այնտեղ, որտեղ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող, որտեղ կան մենաշնորհներ, մրցակցային մարմինը պետք է կարգավորի գները, իսկ այնտեղ, որտեղ չունենք գերիշխող դիրք ունեցողներ, ապա այստեղ գործադիր իշխանությունը պետք է մշակի համապատասխան զսպաշապիկներ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
ՀԿ-ի նախագահը նշեց, որ գործադիր իշխանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը բերում է նրան, որ հանրապետությունում օր-օրի արձանագրում ենք հերթական գնաճը և փորձում ենք դրա համար որևէ պատճառ բերել՝ հետընտրական, նախընտրական շրջան, ամանոր և այլն:
«Մինչդեռ գոյություն ունի մեկ բան. համապատասխան մարմինը՝ ի դեմս գործադիրի և հակամրցակցային մարմնի, միշտ պետք է ձեռքը դնի պուլսի վրա և մշակվեն համապատասխան զսպաշապիկներ: Ավելին, երբ գործադիրն ասում է՝ ի՞նչ անենք, որ ունենք գնաճ, սա շատ ավելի վտանգավոր է, քան եթե ասի, որ չեմ ցանկանում միջամտել գների կարգավորմանը: Եթե ասում են՝ չենք ցանկանում միջամտել, դա գոնե հույս է տալիս, որ գիտեն ինչ անել, բայց չեն անում»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքերով՝ գործադիր իշխանությունը պետք է կարողանա վարել այնպիսի ճկուն քաղաքականություն, որպեսզի մի կողմից բիզնեսի համար ապահովի ազատ մրցակցության դաշտ, մյուս կողմից՝ զսպաշապիկներ կարի, որպեսզի բիզնեսը գերշահույթներ չունենա:
Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը Panorana.am-ին հայտնել էր, որ գերիշխող առևտրի ցանցերում այսօր կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են:
«Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ վերջին մի քանի օրերին թանկացել է շաքարավազը, իրականությանը չի համապատասխանում: Նշված ապրանքատեսակի գինը նախկինի նման 1 կիլոգրամը 390 դրամ է»,- նշել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ արձանագրվել է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի և երշիկեղենի որոշ տեսակների մասով: