Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ:
Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է երեք գոտեմարտ, բոլորն էլ միևնույն` 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ և նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:
Արսեն Ջուլֆալակյանն արդեն վերադարձել է Երևան: Նա կմիանա ազգային հավաքականին և կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: