Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ հասկանանք՝ ինչ նոր քաղաքական իրավիճակում ենք հայտնվել. Զուրաբյան
«Հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի: Մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ Ազգային ժողովի ընտրությունները պետք է քաղաքականացվեն, գաղափարականացնել, բայց դա մեզ չհաջողվեց»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, նա նշեց. «Եթե Ազգային ժողովի ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, բնական է, որ Երևանի ավագանու ընտրություններն առավել ևս անհնար է քաղաքականացնել: Այսօր ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական ընտրություն Հայաստանում չի կարող լինել, ընտրություն ընդհանրապես չի կարող լինել: Մենք, բնականաբար, այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին: Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումները: Մենք դա չենք անի: Մենք կկենտրոնանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք շատ կարևոր քայլ»:
Լ. Զուրաբյանի խոսքով, իրենց քննադատում էին 4+4+4-ի համար, բայց շնորհիվ այդ բանակցություններին և ձեռք բերված արդյունքներին, ունեն փաստացի շատ նյութեր. «1500 տեսախցիկները ֆիքսել են այն ամենը, թե ինչ տեղի ունեցել տեղամասերում: Դա շատ լուրջ նյութ է: Ուղղակի մեր ռեսուրսները մի քիչ չեն բավարարում այդ ամեն ինչը նայել: Խախտումներն ահավոր են, շատ են, սուտ է, որ տեղամասերում չեն եղել խախտումներ: Հիմնավորված, իր բոլոր նրբություններով, մենք այդ ամեն ինչը կներկայացնենք Սահմանադրական դատարանին»:
Նա նշեց, որ իրենք դիմում են ՍԴ, որպեսզի հայ հասարակությունը, միջազգային հանրության տեղյակ լինի, թե Հայաստանում ինչ է կատարվում:
«Այս կամակատար ՍԴ-ի, ԿԸՀ-ի հետ որևէ հույսեր չենք կապում, պատրանքներ չունենք, որ ինչ-որ բան կարող է այնտեղ լինել, բայց գոնե մեր փաստարակները, ապացույցները կներկայացնենք, դա կֆիքսվի, ստիպված պետք է պատասխաններ տան»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում, նա նա նշեց. «Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ հասկանանք՝ ինչ նոր քաղաքական իրավիճակում ենք հայտնվել, ինչ վերադասավորումներով, վերախմբավորումներով, վերաիմաստավորումները պետք է շարունակել պայքարը Հայաստանում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան