Գրականության և արվեստի թանգարանում պահվող Կոմիտասի ֆիսհարմոնը վերանորոգման կարիք ունի
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող 1,5 միլիոն թանգարանային առարկաներից շատ-շատերը վերանորոգման, կոնսերվացման, վերականգնման կարիք ունեն: Դրանց թվում է նաև Կոմիտասի ֆիսհարմոնը, որի վրա նա նվագել է մինչև Ալեքսանդր Մանթաշովը նրան նվիրել է ռոյալը, որն այսօր գտնվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Panorama.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հույս հայտնեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ կվերանորոգվի ֆիսհարմոնը, այսինքն հնարավոր է գործարկել, բացառիկ իրադարձությունների ժամանակ կարելի է նվագել այս գործիքով: Ֆիսհարմոնը կարելի է համարել դաշնամուրի նախատիպը:
Կ. Վարդանյանն ասաց, որ հիմնականում վերանորոգման անհրաժեշտություն ունեն թանգարանում պահվող ձեռագրերը:
«Մատենադարանի հետ պայմանավորվածություն ունենք, այնտեղ կա ձեռագրերի վերանորոգման ժամանակակից լաբորատորիա: Ձեռագրի բնույթից է կախված, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի վերանորոգման համար, դրանից կախված է թե տարեկան քանի ձեռագիր կվերանորոգենք: Կարող է տարեկան վերանորոգվի 20 միավոր ձեռագիր կամ 100-150: Բայց դա մի կաթիլն այս ամբողջ ծովում, որ մենք ունենք»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե կա՞ն ցուցանմուշներ, որոնք չվերանորոգման պատճառով քայքայվել են կամ քայքայման եզրին են, թանգարանի տնօրենն ասաց. «Իհարկե: Օրինակ, Չարենցի քայքայված ձեռագրերը, որոնք Ռեգինա Ղազարյանը 1937 թվականին ճամպրուկով պահել էր հողի տակ: 1950-ականներին, երբ որ հանվեցին, 10-15 տոկոսը քայքայվել էր: Իհարկե, մնացածն այդ աստիճանի քայքայված չեն, բայց վնասված են»:
Նա նշեց, որ թեև թանգարանի ֆոնդերում պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, խոնավությունը, սակայն ժամանակն իր գործն անում է, հատկապես 1990-ականներին են վատ հետևանքներ թողել ցուցանուշների վրա, երբ դրսի ու ներսի ջերմաստիճանը չէր տարբերվում:
«Այսինքն վերականգնելու խնդիր շատ կա»,- ասաց Կարո Վարդանյանը: