Մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը
Ապրիլի 11-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի կնվաճի աշխարհի շախմատի կանանց առաջնության ուղեգիր:
Այս տարվա Եվրոպայի առաջնությունը հավաքել է բավականին ուժեղ կազմ: Մրցաշարի 1-ին դասակարգվածն է աշխարհի փոխչեմպիոնուհի Աննա Մուզիչուկը: 2-րդ համարն է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցելու են 145 շախմատիստուհի, այդ թվում` 12 գրոսմայստեր, 31 կանանց գրոսմայստեր, 31 միջազգային վարպետ, 22 կանանց միջազգային վարպետ, 5 ՖԻԴԵ-ի վարպետ և 18 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: