Անդրանիկ Կարապետյան. Կարևորն այն է, որ վերադարձել եմ և պատրաստ եմ ավելի բարձր արդյունքների
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ Սպլիտում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ուժերի որոշ խնայողությամբ, քանի որ չէր ցանկանում ռիսկի դիմել Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո.
«Ծանր վնասվածքից հետո ես ինձ լավ եմ զգում: Չէի պատկերացնում, որ տևական դադարից հետո կկարողանամ բարձր մակարդակով հանդես գալ: Ներքին անհանգստություն կար, բայց ամեն ինչ անցավ: Աշխարհի առաջնությանը ֆիզիկական լավ պատրաստվածություն ձեռք կբերեմ: Դեռ պարզ չէ` որ քաշային կարգում հանդես կգամ` 85, թե 77, ինչպես նախկինում: Կորոշենք:
Սպլիտում իմ արդյունքը համեստ էր, բայց ես մի քիչ ցածր քաշերի մոտեցա: Երկու վարժություններում էլ ինձ լավ էի զգում, բայց մարզիչների հետ որոշել էինք ռիսկի չդիմել: Կարևորն այն է, որ վերադարձել եմ և պատրաստ եմ ավելի բարձր արդյունքների»,- ասել Անդրանիկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես էր եկել Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ էր մտել մրցահարթակ: Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
այաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Անդրանիկ Կարապետյանի մասին ասել էր. «Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջև դրված խնդիրները լուծեց»:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի հնարավորությունս
- Սիմոն Մարտիրոսյան. Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին
- Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր
- Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
- Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցել է Եվրոպայի առաջնությանը