Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը՝ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/ սահմանաչափի օգտագործման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Բանկի մամուլի ծառայությունից:
«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում Բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:
Մասնավորապես, «ConverseQvota» ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն»,- ասացին Բանկում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:
Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:
«ConverseQvota» ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:
«Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- եզրափակեցին Բանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան