Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի զարգացնելու գաստրոտուրիզմը. Ն.Մանուկյան
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ն այս տարվա ընթացքում իրականացնելու է երեք փառատոն: Լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ մայիսի 20-ին իրականացվելու է «Տոլմայի» փառատոնը (տեղը դեռ որոշված չէ), հունիսի 10-ին՝ տոնածիսական կերակրատեսակների փառատոնը՝ «Հացը լեռներում» Երևանի Թումոյի այգում, օգոստոսի 20-ին «Խորովածի» փառատոնը Ախթալայում:
Ասուլիսին ներկա «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ իրենք այս տարի նախատեսել են նոր նախագծի իրականացում. մայիսի 5-6-ին Երևանի Սարյան փողոցում իրականացնելու են Երևանյան գինու օրեր:
«Սարյան փողոցն արդեն ճանաչված է որպես գինու փողոց: Չեմ բացառում, որ կարող է այլ փողոցներում էլ նմանատիպ միջոցառում անցկացվի: Մեր նպատակն է, որպեսզի զբոսաշրջիկների համար այստեղ անցկացրած օրերը լինեն միջոցառումներով ավելի հագեցած»,- ասաց նա:
«Արենի փառատոն» հիմնադրամի ավանդական «Սյունյանց ավանդույթներ» փառատոնը, Ն. Մանուկյանի տեղեկացմամբ, թեև ամեն տարի անցկացվում էր Գորիսում, այս տարի լինելու է Քարահունջ գյուղում հուլիսի առաջին շաբաթ օրը: Սեպտեմբերի վերջին Խաչիկ գյուղում կազմակերպելու են ավանդական «Գաթայի» փառատոնը, իսկ Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին (առաջին օրը՝ Ռինդում):
Նրանք նշեցին, որ իրենք համագործակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի տուր-օպերատորների հետ՝ փառատոնային օրերին առաջարկելով տուրեր:
«Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի զարգացնելու գաստրոտուրիզմը»,- ասաց Ն. Մանուկյանը:
Փառատոների հիմնադիրների խոսքով, փառատոները նպաստում են տվյալ համայնքների զարգացմանը:
Ասուլիսին ներկա «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը տեղեկացրեց, որ իրենց փառատոնը տարբերվում է երիտասարդական փառատոներից նրանով, որ ընդգրկում է արվեստի տասից ավելի ճյուղ:
«Տարեցտարի ավելի լայն թափ է առնում այս փառատոնը: Լիահույս ենք, որ այս տարի արտերկրից ավելի շատ հյուրեր, մասնակիցներ կունենանք»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ թեև իրենց փառատոնը ստեղծվել է 2013 թվականին, բայց 2016-ից սկսած ներկայանում է որպես միջազգային մշակութային երիտասարդական հարթակ:
Է. Բարսեղյանի խոսքով, այս պահի դրությամբ արդեն իսկ ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ, որ ժյուրիի կազմում ունենան նաև արտասահմանից մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան