Կրթության փորձագետը՝ Times Higher Education-ում հայաստանյան բուհերի բացակայության մասին
Բարձրագույն կրթության և նորությունների գծով մասնագիտացած Times Higher Education պարբերականը հրապարակել է աշխարհի 2017թ լավագույն համալսարանների ցանկը։ Հայաստանը դեռևս ոչ մի անգամ չի ընդգրկվել այդ ցանկում, իսկ տարածաշրջանից այս տարի վարկանիշային աղյուսակում են Վրաստանի Ջավախիշվիլու համալսարանը, Թուրքիայից՝ 17 համալսարան։
Ցանկում կան այնպիսի փոքր երկրների համալսարաններ, ինչպիսիք են Էստոնիան, Լատվիան և Լիտվան։
Այս ցանկից՝ Հայաստանի շարունակ բացակայելու պատճառների մասին Panorama.am-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
«Հայաստանի բացակայության պատճառները պայմանավորված են մի քանի բաղադրիչներով, որոնց վրա ամենաշատ ուշադրությունն է դարձվում ցանկը կազմելիս։ Դրանք են՝ կրթության ֆինանսավորումը, հետազոտականությունը, բուհերում օտարերկրյա հրավիրյալ դասախոսների թիվը, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր դասախոսների թիվը, ինչն, իհարկե, շատ քիչ համալսարաններ ունեն»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքով, մեր համալսարանների հիմնական խնդիրն այն է, որ կրթությունն իրականացվում է հիմանականում հայերեն լեզվով և համալսարանները չեն ինտեգրվում միջազգային զարգացումներին. «Բուհերի վրա գումար չենք ծախսում, պետությունն ընդամենը 20 տոկոսով է ֆինանսավորում, այս իրավիճակը խեղճացնում է մեր համալսարաններին, չեն կարողանում միջազգային ծրագրերին ներգրավվել։ Հետազոտականության առումով էլ շատ կարևոր է, թե օրինակ որքանով են մեր դասախոսների կողմից տպագրված հոդվածները մեջբերվել, արժանացել այլ գիտնականների ուշադրությանը»։
Times Higher Education-ում Վրաստանի Ջավախիշվիլու համալսարանի ընդգրկվելու փաստը, ըստ մեր զրուցակցի, վկայում է այն մասին, որ երկիրը կարողացել է միջազգային մակարդակով զարգացնել իր համալսարանը։
Կրթության փորձագետը տեղեկացրեց՝ համալսարանների մի քանի դասակարագումներ կան աշխարհում, որոնք իրենց ցանկում ընդգրկում են 2 հազարից ավելի համալսարաններ, իսկ Times Higher Education-ն ավելի խիստ պահանջներ ունի և այս տարի ընդգրկել է ընդամենը 981 համալասրան։
Նշենք, որ մեկ ուրիշ՝ «Webometrics Ranking of World Universities» աշխարհի համալսարանների դասակարգման աղյուսակում, դեռևս 2010 թվականից ընդգրկվել է Երևանի պետական համալսարանը։ «Webometrics»-ի 2016 թվականի աղյուսակում ավելի քան 23 հազար համալսարանների մեջ ԵՊՀ-ն զբաղեցրել է 2314-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել է 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները