Ամերիկացի դպրոցականը հաղթել է քաղցկեղին ու դարձել հաջողակ մոդել
ԱՄՆ Կոլորադո նահանգի 16-ամյա բնակչուհին՝ Փեյթոն Լայնաֆելտերը դարձել է ԱՄՆ ամենաերիտասարդ բնակչուհին, ով կարողացել է հաղթահարել չորրորդ փուլում գտնվող քաղցկեղը: Գրում է Daily Mail պարբերականն ու նշում, որ այդ հիվանդությունն անբուժելի է:
Առաջին ախտանշաններն աղջիկը հայտնաբերել է 2015-ին, երբ սկսել է փորը մեծանալ: Նա մտածել է, որ սխալ սնվելու հետևանք է ու սկսել է դիետա պահել, բայց փորը շարունակել է մեծանալ:
«Ես պակասեցրեցի քաշս, բայց այն դեռ մեծանում էր: Հետո սկսեց շատ ուժեղ ցավալ մեջքս: Ես կորցրեցի ախորժակս ու հղիի տեսք ունեի»,-պատմել է նա:
Հիվանդության սրման ժամանակ աղջիկն ընտանիքի անդամների հետ Բարբադոս կղզում հանգստանալիս է եղել: Տեղացի բժիշկը զննելուց հետո խորհուրդ է տվել շտապ վերադառնալ Կոլորադո և վիրահատվել: Բայց այդ պահին աղջիկը պայմանագիր է ունեցել նորաձևության գործակալություններից մեկի հետ:
Աղջիկը լսել է բժիշկների խորհուրդները, սակայն մի քանի ամիս անց հայտնի է դարձել ախտորոշումը՝ չորրորդ փուլում գտնվող քաղցկեղ ձվարանների վրա: Նման հիվանդության պարագայում ապրելու հավանականությունը 17 տոկոս է:
Սակայն ամերիկուհին չի նահանջել, անցել է պահանջվող քիմիաթերապիաների բոլոր կուրսերը: Մի քանի ամսի անց բժիշկներն ավետել են՝ աղջիկը լիովին առողջ է:
Հիմա նա ակտիվորեն պատմում է իր փորձի մասին՝ կոչ անելով կանանց ամենափոքր նշանների դեպքում էլ բժշկի դիմել: