Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:
«էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում պարզելու համար պայթյունի պատճառը:
Սոյլուի խոսքով, այս պահին առավել հավանական վարկածն այն է, որ պայթյունն առաջացել է մեքենայի վերանորոգման աշխատանքների հետևանքով: