Իրանցի փորձագետ. Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդն է
Ներկայիս Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդն է,-իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Սադեղ Մալեքին, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում և Սիրիայում իրականացվող բռնությունների հիմնական կատարողն է: Եթե Սիրիայում և Իրաքում իշխանությունը գտնվեր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:
Հիշեցնենք, վերջերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի հնչեցրած հակաիրանական հերթական հայտարարություններին, մասնավորապես ասել էր. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները կարծես թե վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:
Այդ առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվեց իրանական կողմի բողոքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան