Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատիվ են համարում ԱԺ-ում հայտնվելը
«Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն տվեցին, որ ազգային փոքրամասնությունները կրկին մտնեն Ազգային ժողով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը՝ հիշեցնելով, որ մինչ խորհրդային կարգերի փլուզումը ազգային փոքրամասնություներն ունեցել են խորհրդարանում պատգամավորներ:
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին, որ մեզ հնարավորություն տվեցին ԱԺ-ում ներկայացուցիչներ ունենալու: Դա պատիվ է թե փոքրամասնությունների, թե ԱԺ համար»,-նշեց Հասանովը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում իրենք կկարողանան Հայաստանում 11 ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր ներկայացնել. «Կրթության մշակութային և մեր համայնքներին վերաբերող մի շարք կենցաղային հարցեր: Բացի սրանից կկարողանանք մասնակցել նաև օրենքների ստեղծմանն ու ընդունմանը:
Հանդիպմանը ներկա «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը նշեց, որ իրենց համայնքը բազմիցս է իր երախտիքի խոսքը հղել՝ համայնքի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար:
«Մենք հիմա ավելի պարտավորված ենք զգում մեզ: Խորհրդարանում պատգամավորներ ունենալը դրսի մեր համայնքների համար ևս կարևոր իրադարձություն է: Մեզ հուզող հարցերը ավելի արագ ու թափանցիկ լուծում կարող են ստանալ: Մենք քաղաքական հարցեր չունենք, մեր հարցերն ու խնդիրները էթնիկ մշակութային են»:
Լրագրողները բանախոսներից հետաքրքրվեցին, թե արդյոք իրենց մեջ ընդդիմադիրներ չկան, ինչին Հայաստանում քրդական համայնքի ղեկավարն այսպես պատասխանեց. «Ազգային փոքրամասնությունները որտեղ էլ լինեն, պետք է լինեն իշխանամետ, բոլոր հարցերը պետք է լուծեն իշխանությունների հետ: Մենք չենք կարող ընդդիմադիր լինել ՀՀ իշխանություններին, մեր բոլոր հարցերով դիմում ենք պետությանը»:
«Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն էլ հավելեց, որ համայնքում կլինեն ընդդիմադիր կուսակցություններին սատարողներ, սակայն շատ քիչ տոկոս են կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան