Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները
Տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բեյրութ-Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ։
Լիբանանի զբոսաշրջության նախարար Անդրանիկ Գիդանյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարևորել են չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:
«Այս չվերթը սպասված և անհրաժեշտ էր: Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերի և զբոսաշրջային փոխադարձ այցելությոնների առավել ակտիվացմանը»,-ասել է Մեխակ Ապրեսյանը: