Տնօրենները պահանջում են հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները. փաստաբան
Ազգային ժողովի ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում, այսինքն՝ դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, զբաղվել են ՀՀԿ քարոզչությամբ:
30 տնօրեն հայաստանյան տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի՝ պահանջելով հարպարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:
30 տնօրենի դատարանում ներկայացնելու է նույն փաստաբանական ընկերության 6 ներկայացուցիչ: Նրանց դիմել են հենց տնօրենները: Փաստաբան Դավիթ Սրապիոնյանի մոտ հինգ գործ կա:
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց. «Հրապարակվել է հոդված վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ, որպես տվյալ հոդվածի հիմնավորում ներկայացված էր նաև ձայնագրություն: Հոդվածից, ձայնագրությունից սովորական քաղաքացու մոտ կարող է ձևավորվել այն տեսակետը, համոզմունքը, որ տվյալ անձը հանդիսանում է գործիք, վարչական ռեսուրս, որը, բնականաբար, որպես տնօրենի, հասարակ ուսումնական հաստատության, որը ներկայացնում է տվայլ տնօրենը, պատվի, արժանապատվության, բարի համբավի արատավորում է. ցանկացած անձի մոտ կարող է ձևավորվել այն համոզմունքը, որ տվյալ անձն իր պարտականությունները կատարելիս է քարոզչություն իրականացրել»:
Այնուհետև Դավիթ Սրապիոնյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ցանկացած մարդու քարոզչություն իրականացնել թեկնածուի, կուսակցության, դաշինքի դեմ կամ կողմ, սակայն ուսումնական հաստատությունների դեպքում սահմանափակում կա. քարոզչություն չի կարող իրականացվել լիազորությունների իրականացման ժամանակ կամ փոխարեն:
«Տվյալ դեպքում մեր ունեցած ձայնագրությունից պարզ չէ, չի հիմնավորվում այն փաստը, որ տվյալ անձիք քարոզչություն իրականացրել են հենց իրենց լիազորությունների իրականացման ընթացքում: Նման փաստի ապացուցման բեռը կրում է այն անձը, ով վկայակոչում է տվյալ փաստը: Ոչ մեկը չի ասում, որ իրենք քարոզչություն չեն արել, բնականաբար, ձայնագրությունն էլ կա, բայց դա իրականացրել են լիազորությունների իրականացման փոխարեն կամ ժամանակ, այդ դրանում է ամբողջ բանալին»,- ասաց փաստաբանը:
Այսինքն այժմ ՀԿ-ի խնդիրն է՝ ապացուցել, որ տնօրենները քարոզչություն են իրականացրել իրենց լիազորությունների իրականացման փոխարեն կամ ժամանակ:
(«Քաղաքացիական օրենսգիրք», 1087.1 հոդված, կետ 4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին):
Դավիթ Սրապիոնյանի խոսքով, իր վստահորդները, և, առհասարակ, հայցադիմում ներկայացրած բոլոր տնօրենները, պահանջում են զրպարտություն համարվող ներկայացված փաստացի տվյալների հերքում, դրամական փոխհատուցում՝ 2-ական միլիոն դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա