Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները
Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումներին մասնակցելու և աջակցելու համար։
Գերմանացի ճանաչված պրոֆեսորը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են նախորդ օրն իրականացված աուտոփոխպատվաստման արդյունքները։
Նիկոլաուս Կրյոգերը նշել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի և Համբուրգի էպենդորֆ կենտրոնի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Լևոն Ալթունյանը շեշտել է, որ մի շարք հիվանդությունների բուժման նպատակով բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցողունային բջիջների փոխպատվաստման ներդրումը մեր երկրի արյունաբանության ոլորտում մեծ առաջընթաց է ապահովում։
Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները, ինչպես նաև բժշկական թիմի մասնագիտական պատրաստվածությունը։
Պրոֆեսոր Կրյոգերը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու իր կողմից ղեկավարվող բաժանմունքում երիտասարդ հայ մասնագետների ևս մեկ խմբի ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ վերապատրաստմանը: