«Ես գոհ եմ հրում վարժությունում կատարած աշխատանքից, բայց պոկումից՝ ոչ». Սիմոն Մարտիրոսյան
«Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալ, կարճ ժամանակում հասնել այս արդյունքներին, իսկապես հերոսություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն՝ անդրադառնալով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
«Ունեցանք մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ, դա մաքսիմումն էր, ինչ կարող էին անել այդ պահին»,-նշեց մարզիչը։
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին՝ նա տեղեկացրեց, որ մայիսին սկսելու են ուսումնամարզական հավաքները. «Առաջին հավաքը կլինի Ուկրաինայում, քանի որ այնտեղ նոր բազա կա կառուցված, դրանից հետո երկու-երեք հավաքներ կկազմակերպենք Հայաստանում, մեկ հավաք էլ կունենանք Կազանում։ Վերջին հավաքը նախատեսում ենք անցկացնել ԱՄՆ-ում, չնայած դրա հետ կապված դեռ հարցեր կան լուծելու»։
Հանդիպմանը ներկա Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը նշեց, որ առաջնությունից սպասումները մեծ էին, բայց իր համար այդ սպասումներն արդարացան միայն պոկում վարժությունում. «Պետք ամեն ինչ անեմ, որ հրում վարժությունում ավելի շատ կլիոգրամներ բարձրացնեմ»։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանի խոսքով և հրում, և պոկում վարժությունում երկու անհաջող մոտեցումներն իր ուժերի սահմանում էին, սակայն չսատցվեց բարձրացնել:
«Իմ սխալն է, կփորձեմ վերացնել»,-ասաց ծանրամարտիկը։
Ինչ վերաբերում է ստացած վնասվածքին, նա նշեց, որ լուրջ չէ, թևը թեթև հոդախախտվել է և առաջիկա շաբաթների ընթացքում կվերսկսի մարզումները:
«Այս առաջնությանը շատ լավ էին նախապատրաստվել: Իմ հիմնական մրցակիցը Դավիթ Բեջանյանն էր, ով ներկայացնում է Ռուսաստանը, բայց նա այդքան էլ լավ մարզավիճակում չէր։
Մրցակցություն կար, բայց հակառակորդներս ձախողեցին իրենց ելույթները: Ես էլ` պոկում վարժության երկու մոտեցումը: Ես գոհ եմ հրում վարժությունում կատարած աշխատանքից, բայց պոկումից՝ ոչ»,- ասաց Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել էր 414 կգ արդյունք (184+230):
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի հնարավորությունս
- Սիմոն Մարտիրոսյան. Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին
- Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր
- Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին