Յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին ու գիտակցի, թե ինչու է ստացել 1,5 տոկոս, ոչ թե 9-ը. Արզումանյան
«Հին ցավ է Հայաստանի իրականության մեջ, երբ այն ուժը, որը չի ստանում մանդատ, հորդորում է մանդատ ստացածին վայր դնել մանդատը, եթե անցել է, ասում են՝ իշխանության պրոկետ է: Սա անառողջ մոտեցում է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին ու գիտակցի, թե ինչու է ստացել 1,5 տոկոս, ոչ թե 9 տոկոս:
Հարցին, թե նոր ընտրված ԱԺ-ում ռեալ ընդդիմադիր ուժ հարմարում եք «Ելք» դաշինքին և ոչ թե «Ծառուկյան» դաշինքին, Ա. Արզումանյանն ասաց. «Կլինեն ուժեր, ովքեր կհայտարարեն, որ ընդդիմություն են, բայց այս պահին «Ելք» դաշինքն է»:
Պատասխանելով հարցին, թե կաջակցե՞ք «Ելք» դաշինքին առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, նա նշեց. «Չգիտեմ՝ կմասնակցեմ ընտրություններին, թե ոչ: Ես ինքս խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չեմ տվել «Ելք»-ին, բայց շնորհավորել եմ և ասել, որ շատ ուրախ եմ հրաշալի անցկացրած կամպանիայի համար և որ կարող են պատկառելի ներկայություն ունենալ Ազգային ժողովում»:
Ալեքսանդր Արզումանյանը նոր ձևավորված ԱԺ-ում չի լինելու: Լրագրողների հարցերին՝ քաղաքական դաշտում կլինե՞ք, խոսակցություն կա, որ ձեզ դեսպան են նշանակելու, դեսպան նշանակվելու առաջարկ ձեզ արվե՞լ է, նա պատասխանեց. «Ես իմ ողջ կյանքում եղել եմ քաղաքականության մեջ: Տարբեր ոլորտներում եմ աշխատել՝ թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա հերթական փորձն էր, որևէ ցանկություն չունեմ նորից անցնել այդ փորձն ԱԺ-ում:
Վերջին 20 տարում շատ եմ հանդիպել լուրերի, որ տարբեր երկրներում դեսպան եմ նշանակվել: Այնպես որ՝ կապրենք կտեսնենք:
Իմ ողջ կյանքի ընթացքում տարբեր տեղերից մշտապես ունենում եմ առաջարկներ»: