Բյուլբյուլօղլուն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարի պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին. Նավասարդյան
«Եթե Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ դրա հնարավորությունները բավականին մեծ են, կարող է անցանկալի, ցավալի հետևանքներ ունենալ Հայաստանի, հայության համար: Հայաստանի համար անհանգստացնող երևույթ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, Բյուլբյուլօղլուն այդ պաշտոնում կարող է մեծ վնաս հասցնել հայ ժողովրդին և հայկական մշակույթին. «Այդ կառույցում հետաքրքիր հնարավորություններ կան՝ կրթաթոշակներ, մշակութային միջոցառումներ, ծրագրեր: Այդ բոլորը կարգելափակի: Պարզ է, նա չի կանգնելու և հայտարարի՝ ոչնչացնենք Հայաստանը, բայց կարող է ամեն ինչ անել որպեսզի Հայաստանը գտնվի շատ մռայլ լույսի տակ»:
Ա. Նավասարդյանը նշեց, որ այդ անձնավորության մեջ, ըստ երևույթին, արմենաֆոբիա կա նստած կամ տուրք է տալիս այսօրվա իշխանությանների քաղաքականությանը, բացի այդ Նախիջևանի խաչքարերը ոչնչացվել են այն տարիներին, երբ նա Ադրբեջանում մշակույթի նախարարն էր:
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան աշխատելու 11 տարվա ընթացքում նա հանդես է եկել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու դիրքերից: Այս ամբողջ տարիներին չեմ հիշում մի դեպք, որ նրա ամպագոռգոռ ելույթներին որևէ մի հակադարձում լիներ՝ պաշտոնական կամ ոչ պաշտոնական»,- ասաց Ա. Նավասարդյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար 9 թեկնածու է ներկայացված: Մինչև ապրիլի վերջ թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց տեսլականը՝ ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 տարվա գործունեությունն իրենց նախագահության ընթացքում:
Ա. Նավասարդյանի խոսքով, նոյեմբերին ընդհանուր ժողովում արդեն կընտրվի գլխավոր քարտուղարը. «Եթե այս փուլում հնարավոր չեղավ արգելափակել այդ գործընթացը և եթե դա հասավ մինչև ընտրության օրը, կարելի է ասել, որ հարցը կլինի լուծված, մեխանիկորեն կընտրեն և վերջ: Շանսեր անպայման կան, որովհետև այնտեղ մեծ փողեր են պտտվում»:
Նրա կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական մակարդակով քայլեր արվի՝ թույլ չտալ, որպեսզի նա նշանակվի այդ պաշտոնում: Ա. Նավասարդյանը նշեց, որ եթե պետական մակարդակով չարվի, գոնե դիվանագիտական կորպուստը, այն դեսպանները, ովքեր աշխատում են այդ տարածաշրջանում, պետք է ոտքի կանգնեն:
Նաև ասաց, որ այդ խնդրի վերաբերյալ դիմել են ՀՀ ԱԳՆ, որտեղից ստացել են պատասխաններ. «Պատասխանում են, որ սկզբունքներն ու արժեքներն ամենուրեք իր գործողություններով, հայտարարություններով խախտող երկրի ներկայացուցիչը չի կարող հավակնել նման կառույցում որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնելուն, տարբեր առիթներով ապացուցել է, որ դիվանագետին, դեսպանին հարիր չի գործում: Հարցին, թե համաձա՞յն եք այն մտահոգության հետ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղար ընտրվելու դեպքում կարող է այդ կառույցը ծառայեցնել հակահայկական նպատակների համար, ԱԳ նախարարությունից պատասխանել էին, որ որևէ դրական քայլ ակնկալելն առնվազն միամտություն է»:
Ա. Նավասարդյանը հույս հայտնեց, որ գոնե այս անգամ ՀՀ ԱԳՆ-ն չի ուշանա, ակտիվ գործունեության փուլում կգտնվի:
Հարակից հրապարակումներ`
- Բյուլբյուլօղլիի առաջադրումը խարխլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարոյական հիմքը. հայտարարություն
- Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի