«Ելք»-ը ժրաջան աշխատում է, Նիկոլի շանսերը բարձր եմ գնահատում. Անահիտ Բախշյան
Անահիտ Բախշյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այն մղումով, որ «Ելք» դաշինքն ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, «Ելք»-ի թիմը երիտասարդ է, աշխատող և բանիմաց:
«4-5 օր է՝ նրանց հետ եմ: Բոլորս ժրաջան աշախատում ենք: Նիկոլի տված «տնային աշխատանքները» պարտաճանաչ կերպով կատարում ենք: Ես հավատում եմ իրենց, կարծում եմ՝ թիմի ձգտումն իրականություն կդառնա: Նաև կարծում եմ, որ ի դեմս «Ելք»-ի՝ նոր ավագանին տարբերվելու է բոլոր նախորդներից: Նիկոլ Փաշինյանը շատ աշխատասեր է, սևեռուն՝ իր նպատակների իրականացման առումով: Նրա շանսերը շատ բարձր եմ գնահատում»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ավագանու անդամ առաջադրված թեկնածուն հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում երևանցին կկարողանա տեսնել նոր ավագանու իրական դեմքը, երևանցին հնարավորություն կստանա մասնակցել քաղաքի առօրյային առնչվող որոշումների կայացմանը: Անահիտ Բախշյանն այս համատեքստում խիստ կարևորեց մայրաքաղաքի բնակիչների անտարբեր չլինելը, վերհսկիչ գործառույթներ իրականացնելը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ գերադասեց ընտրություններին մասնակցել հենց «Ելք»-ի ցուցակով:
«Բա հո ՀՀԿ-ի ցուցակով չէ՞ի առաջադրվի»,- զարմացավ Բախշյանը:
Իսկ ինչո՞ւ ոչ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» ցուցակով, կրկին հարց ուղղեցին ներկաները: Նախկին կուսակցի հետ ընտրություններին չմասնակցելու հանգամանքը բանախոսը բացատրեց նրանով, որ ինքն անհաղորդ է եղել «Երկիր ծիրանիի» ստեղծման պատմությանը: Բացի այդ՝ Զարուհի Փոստանջյանը մշտապես նշել է, որ բավականաչափ բծախնդիր չէ, ինքն էլ որոշել է աշխատել «Ելք»-ի երիտասարդ թիմի հետ:
Անդրադառնալով Երևանի թիվ 127 դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցածին, ասաց. «տնօրենը պետք է վաստակած լինի աշակերտին նկատողություն անելու իրավունքը»:
Նա, սակայն, դժվարացավ ասել՝ ինչ է իրականում տեղի ունեցել՝ խոստանալով կարծիք հայտնել փաստերի վերջնական ճշգրտումից հետո:
Անահիտ Բախշյանը հավաստիացրեց, որ պատռելու է բոլոր այն տնօրենների դիմակները, ովքեր ԱԺ ընտրությունների օրերին ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրել: Թե ինչպես, առայժմ գերադասեց լռել:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ. 127 դպրոցում անհրաժեշտ է կատարել համապարփակ ուսումնասիրություն
- «Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների իր ցուցակը
- Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելը նվեր է «Ելք»-ին. Քաղտեխնոլոգ
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին