Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի Հարկային հարցերով կազմակերպության նախագահի հետ
Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվել է, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարևոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը և, մասնավորապես, հարկային օրենսդրության և վարչարարության հետ կապված հարցերը:
Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ: